
Փաշինյանի հայտարարությունը՝ քաղաքական շանտաժի դասական օրինակ է
Այս օրերին իշխանական շրջանակներում հաճախակի են հնչում պնդումները, թե իրենք «50 տոկոս պլյուս ձայներ» կստանան՝ ապահովելով սահմանադրական մեծամասնություն։ Սակայն վերջին օրերի ընթացքում տիրող վարքագիծը և հատկապես վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները խոսում են բոլորովին այլ բանի մասին։
Նախօրեին, կառավարության նիստից հետո կայացած ասուլիսի ժամանակ, Փաշինյանը հայտարարեց, որ, եթե նա և իր գլխավորած քաղաքական ուժը չվերընտրվի, ապա մինչև աշուն Հայաստանում նոր պատերազմ է պայթելու։ Այս հայտարարությունը պետք է դիտարկել ոչ թե որպես անվտանգային կանխատեսում, այլ որպես քաղաքական մեսիջ, որի հիմքում ընկած է քաղաքական շանտաժի տրամաբանությունը։
Այստեղ մենք ունենք հռետորաբանության դասական օրինակ, որը ոչ միայն ուղղակիորեն ազդում է ընտրողի վարքի վրա, այլև փոխակերպում է պետություն–հասարակություն–անվտանգություն հարաբերությունների ամբողջ համակարգը։
Հայտարարության կառուցվածքը հիմնված է վախի մաքսիմալիզացիայի վրա։ Ըստ էության, պատերազմը ներկայացվում է ոչ թե որպես արտաքին միջավայրում հնարավոր ռիսկ, այլ որպես գրեթե անխուսափելի հետևանք ներքին քաղաքական ընտրության։ Այս տեղաշարժը առանցքային է, քանի որ այն վերացնում է պատճառահետևանքային բնական կապը և ստեղծում արհեստական պայմանականություն՝ ընտրությունների արդյունք-պատերազմ։
Շանտաժի մեխանիզմը ակտիվանում է այն պահին, երբ ընտրողին փաստացի ասվում է, որ իր քվեն ոչ թե քաղաքական նախընտրության արտահայտություն է, այլ գոյաբանական որոշում՝ կյանքի և պատերազմի միջև ընտրություն։
Ավելին, պատերազմի հավանականությունը, որը ռեալ պայմաններում կախված է արտաքին դերակատարներից, ուժերի բալանսից և անվտանգության համակարգից, ներկայացվում է որպես ներքին ընտրության արդյունք։ Այսպիսով, ապագա հնարավոր էսկալացիայի քաղաքական և ռազմական պատասխանատվությունը նախապես «գցվում» է հասարակության վրա։
Փաշինյանի վարքագիծը խոսում է նաև այն մասին, որ նրա տեսլականով՝ անվտանգությունը ոչ թե ինստիտուցիոնալ, այլ անձնակենտրոն է։ Պետության պաշտպանունակությունը կախված է ոչ թե բանակից, դիվանագիտությունից կամ դաշնակցային համակարգերից, այլ կոնկրետ քաղաքական սուբյեկտից, այսինքն՝ իրենից։ Սա չափազանց վտանգավոր տրամաբանություն է, որը ամբողջովին դեգրադացնում է պետականության ինստիտուցիոնալ հիմքը։
Պատմության փորձը ցույց է տալիս, որ նման հռետորաբանությունը հատուկ է այն ռեժիմներին կամ առաջնորդներին, որոնք իրենց լեգիտիմությունը կառուցում են վախի կառավարման վրա։ Պատմության այլ օրինակներում, ինչպիսիք են Սլոբոդան Միլոշևիչը, Ռոբերտ Մուղաբեն և նույնիսկ Թուրքիայի նախագահ Էրդողանը, իշխանությունը պահպանվել է հասարակությանը վախի մեջ պահելու միջոցով։
Այս ամենի արդյունքում՝ Փաշինյանի հայտարարությունը կարելի է բնութագրել որպես քաղաքական շանտաժի դասական օրինակ, որտեղ վախը օգտագործվում է որպես ընտրական վարք ձևավորելու գործիք։ Այն ոչ միայն սահմանափակում է ընտրողի ազատությունը, այլև խորքային հետևանքներ ունի պետական մտածողության և անվտանգության հասկացության վրա։
You may also like
Archives
Calendar
| M | T | W | T | F | S | S |
|---|---|---|---|---|---|---|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 |
| 29 | 30 | |||||


