
Երևանյան դպրոցից հեռացրին Արցախի հուշարձանը պատկերող նկարը
Երևանի Անուշավան Տեր-Ղևոնդյանի անվան երաժշտական դպրոցում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ «Արցախյան մշակույթի պահպանման կենտրոն» ՀԿ-ն հրապարակել է հաղորդում։ Ըստ կազմակերպության՝ ցուցահանդես-մրցույթի ժամանակ դպրոցի ղեկավարության որոշմամբ հեռացվել է աշակերտի ստեղծած նկարը, որի վրա պատկերված էր Ստեփանակերտի «Մենք ենք, մեր սարերը» հուշարձանը։
ՀԿ-ն նշում է, որ դպրոցի ղեկավարությունը միջադեպը որակել է որպես «հակապետական քայլ»։ Պարզաբանում ստանալու համար կազմակերպությունը դիմել է Երևանի քաղաքապետարան, որը փոխանցել է դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի գրավոր բացատրությունը։
Ըստ տնօրենի պարզաբանման՝ նկարը հանվել է այն պատճառով, որ այն փակցվել է առանց նախնական համաձայնեցման։ «Արցախյան մշակույթի պահպանման կենտրոն» ՀԿ-ն, սակայն, ընդգծում է, որ աշխատանքը լիովին համապատասխանում էր մրցույթի թեմային, և տաղավարից հեռացվել է միայն հենց Արցախի հուշարձանը պատկերող նկարը։
ՀԿ-ի հաղորդմամբ՝ տնօրենի գրավոր պատասխանում «Մենք ենք, մեր սարերը» հուշարձանն անվանվել է «տատիկների, պապիկների պատկեր»։ Միջադեպից հետո աշակերտի ուսուցչուհին դիմում է ներկայացրել և ազատվել աշխատանքից։
«Արցախյան մշակույթի պահպանման կենտրոն»-ը նաև հարցում է ուղարկել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն՝ պարզելու, արդյոք մշակութային հաստատություններին տրվել է հանձնարարական՝ ստեղծագործությունների անվանումներից հեռացնել «Արցախ» բառը։ Նախարարությունը պատասխանել է, որ նման գրավոր կամ բանավոր հանձնարարական չի տրվել, իսկ իրենց ենթակայության հաստատություններում Արցախի խորհրդանիշների ցուցադրման արգելք սահմանված չէ։
Կազմակերպությունը նշում է, որ նման առանձին դեպքերը կարող են հանգեցնել Արցախի պատմական անվանումների, խորհրդանիշների և մշակութային հիշողության աստիճանական դուրսմղմանը հանրային տարածքից։ ՀԿ-ն հիշեցնում է, որ ՀՀ կառավարության 2023-2027 թվականների մշակույթի պահպանության, զարգացման և հանրահռչակման ռազմավարությամբ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայերի մշակութային իրավունքների պաշտպանությունն ու ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանումը սահմանվել են որպես պետական առաջնահերթություններ։


