
Եկեղեցի-հոգևորական հարաբերությունները պետական վերահսկողությունից դուրս են
Իմ Facebook-ի էջում հրապարակված նախորդ գրառումը վերաբերում էր Հայաստանում ընթացող իրավական և քաղաքական իրադարձություններին, որոնք, իմ կարծիքով, կարող են սահմանափակել կրոնական ազատությունը։ Կարևոր է, որ այս հարցում քաղաքական որոշումները կայացվեն ոչ միայն տեղական իրավական և քաղաքական իրողությունների հիման վրա, այլև համաշխարհային փորձի և սահմանադրական իրավունքի սկզբունքների հաշվառմամբ։
ՀՀ-ում այսօրվա իրավական և քաղաքական մթնոլորտում, երբ քաղաքական իշխանությունները հակառակորդների կամ քննադատների դեմ իրենց քաղաքականության միջոցառումների շարքում դիմում են նաև հոգևորականների դեմ դատական հայցեր հարուցելուն, անհրաժեշտ է խորապես ուսումնասիրել ԱՄՆ-ի փորձը, որը հանդիսանում է ժամանակակից սահմանադրական իրավունքի հիմնարար օրինակ։
ԱՄՆ Գերագույն դատարանը, արդեն երկու դատական գործով՝ «Սերբական ուղղափառ եկեղեցի ԱՄՆ-ում և Կանադայում հակառակ Միլիվոևիչին» (1976) և «Հոսաննա-Տաբոր եկեղեցի և դպրոց հակառակ աշխատանքային խտրականության հանձնաժողովին» (2012), հստակ սահմանել է պետական և կրոնական կազմակերպությունների միջև հարաբերությունների սահմանները։
ԱՄՆ Գերագույն դատարանի դիրքորոշումը պարզ է․ պետական (քաղաքացիական) դատարանները չունեն իրավունք միջամտել կրոնական կազմակերպությունների ներքին կառավարմանը, հատկապես վարդապետական վեճերին կամ հոգևորականության նշանակման/հեռացման հարցերին։ Նույնիսկ եթե այդ որոշումները կարող են թվալ կամայական կամ ընթացակարգային սխալներ պարունակել, դրանց լուծումը վերապահված է բացառապես այդ կազմակերպությունների սեփական տրիբունալներին։
Այս սկզբունքը ամրապնդվել է «Հոսաննա-Տաբոր» գործով, որտեղ Գերագույն դատարանը պաշտոնապես ճանաչել է «հոգևորականի բացառության» (ministerial exception) դոկտրինը։ Այս դոկտրինը արգելում է աշխատանքային խտրականության մասին օրենքների կիրառումը կրոնական կազմակերպությունների նկատմամբ, երբ խոսքը վերաբերում է իրենց հոգևորականների (լայն իմաստով՝ կրոնական գործառույթներ կատարող անձանց) աշխատանքի ընդունման, պահպանման կամ ազատման հարցերին։
ԱՄՆ Գերագույն դատարանը նշել է․ «Երբ աշխատանքից ազատված հոգևորականը դատական հայց է ներկայացնում իր եկեղեցու դեմ՝ պնդելով, որ իր ազատումը եղել է խտրական, ԱՄՆ Սահմանադրության Առաջին փոփոխությունն արդեն իսկ կատարել է անհրաժեշտ հավասարակշռումը։ Եկեղեցին պետք է ազատ լինի ընտրելու նրանց, ովքեր կուղղորդեն իրեն իր ճանապարհին»։
Այս համատեքստում կարևոր է նաև նշել, որ Հայաստանում, ըստ իմ ուսանողների կողմից իրականացված էմպիրիկ հետազոտության, Եկեղեցու և հոգևորականների միջև հարաբերությունները հիմնված չեն աշխատանքային պայմանագրերի վրա։ Հոգևորականները ՀՀ աշխատանքային օրենսգրքի իմաստով աշխատավարձ չեն ստանում, և նրանց ծառայությունը պետությունը ճանաչում է որպես թոշակի իմաստով ստաժ, սակայն դա դուրս է աշխատանքային իրավունքի տիրույթից։
Այսպիսով, ոչ միայն ՀՀ սահմանադրական իրավունքի և ՄԻԵԴ-ի իրավունքի, այլև ճյուղային օրենսդրության տեսանկյունից «Եկեղեցի – հոգևորական» բնույթի նման հարցերը պետական վերահսկողությունից և քաղաքացիական (պետական) դատարանի ենթակայությունից դուրս են։ Պետությունը չի կարող միջամտել կրոնական կազմակերպությունների ներքին գործերին, հատկապես հոգևորականության նշանակման և հեռացման հարցում։ Այս սկզբունքի խախտումը կարող է հանգեցնել կրոնական ազատության սահմանափակմանը և պետության և կրոնական համայնքների միջև վստահության կորստին։


