
Դավիթ Անանյան․ Ո՞վ է որոշելու մեր հոգևոր կյանքի ապագան՝ ժողովուրդն, թե՞ իշխանության հաշվարկները
Հայաստանյան քաղաքական կյանքում երեկ տեղի ունեցավ վտանգավոր նախադեպ։ Պետության ղեկավար Նիկոլ Փաշինյանը փակ դռների հետևում հանդիպեց այն եպիսկոպոսների խմբին, որոնք նախօրեին հրապարակային հարված էին հասցրել Ամենայն Հայոց Կաթողիկոսին։ Այս մասին իմ Facebook-ի էջում գրեց «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության անդամ, ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը։
Նա նշել է, որ այս իրադարձությունը ոչ միայն եկեղեցու ներքին ճգնաժամի արդյունք է, այլև պետություն-եկեղեցի հարաբերությունների վտանգավոր շրջադարձ։
«Հանդիպեց՝ շնորհակալություն հայտնելով «սկզբունքայնության» համար։ Բայց իրականությունը շատ ավելի խորը և անհանգստացնող է։ Երբ պետության ղեկավարը շրջանցում է Կաթողիկոսին և առանձնահատուկ ելք է որոնում Եպիսկոպոսաց դասի ընտրովի խմբի հետ, դա այլևս «քննարկում» չէ։ Դա փորձ է ներխուժելու Եկեղեցու ինքնավար դաշտ, վերաձևելու ներսում ձևավորված հավասարակշռությունները և իշխանական լոյալությամբ պայմանավորելու եկեղեցական կյանքը»,- նշել է Անանյանը։
Նրա կարծիքով՝ այս գործողությունը հակասում է նրան, որ Փաշինյանը հրապարակավ հայտարարել է, թե «Հայաստանյայց Եկեղեցին այսօր կաթողիկոս չունի»։ Ըստ նրա՝ այս հայտարարությունը վերածվում է գործողության՝ փակ սրահներում «ընտրյալների» հետ հանդիպումներով։
«Եվ եթե այս ուղին չկասեցվի, մենք կարող ենք կանգնել ոչ միայն ինստիտուցիոնալ քայքայման, այլև հասարակական նոր բևեռացման առաջ՝ հավատքի դաշտի քաղաքականացմամբ»,- եզրափակել է Անանյանը՝ հարց տալով, թե ո՞վ է որոշելու մեր հոգևոր կյանքի ապագան՝ ժողովուրդն ու եկեղեցին, թե՞ իշխանության տակտիկական հաշվարկները։


